Սամվել Կարապետյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի և Իշխան Սաղաթելյանի հետ
Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին հայկական լրահոսի ամենաքննարկված թեմաներից են, թերեւս, աշխարհի տարբեր կենտրոններում բնակվող ազդեցիկ հայերի ուղերձները՝ ուղղված վարչապետ Փաշինյանին՝ հեռանալու կոչերով: Հայաստանում մշտապես կարեւորվում է աշխարհի ազդեցիկ հայերի դիրքորոշումը, որովհետեւ ավանդաբար հենց նրանք են եղել երկրում ներդրումների ապահովման լոկոմոտիվները եւ արտաքին քաղաքական էլիտայի եւ հայկական պետականության միջեւ յուրօրինակ «կամուրջը»: Գրեթե միաժամանակ կառավարության անհապաղ հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարություններ տարածեցին Սամվել Կարապետյանը, Արտակ Թովմասյանը եւ Ռուբեն Վարդանյանը: Կարապետյանն ու Թովմասյանն, օրինակ՝ պատերազմական օրերին լայնածավալ աջակցություն ցուցաբերեցին հայկական պետությանը, որի փակագծերը չեն ցանկանում բացել՝ ըստ ամենայնի, որոշակի պետական գաղտնիք պարունակելու պատճառով, իսկ Ռուբեն Վարդանյանը պատերազմի օրերին աչքի ընկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բազմաբովանդակ կոչով, որը, ցավոք սրտի, ոչ մի հետեւանք չունեցավ:
Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, Վարդանյանը եւս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ջատագովներից է: Այսքանով, իհարկե, այս գործիչները չսահմանափակվեցին, քանի որ ակնհայտ էր, որ Փաշինյանի կառավարությունը տապալվել է ոչ միայն ռազմական եւ դիվանագիտական ճակատներում, այլեւ վտանգի տակ է հայկական պետության գոյությունն ընդհանրապես: Սամվել Կարապետյանն, օրինակ՝ այս օրերին ընդլայնել է իր հետաքրքրությունների շրջանակը եւ, ըստ էության, քաղաքական ակտիվության հայտ է ներկայացնում: Կարապետյանը, ըստ տեղեկությունների, Մոսկվայում հանդիպել է Վազգեն Մանուկյանին, Իշխան Սաղաթելյանին եւ այլոց, ինչը ցույց է տալիս, որ նա ցանկություն ունի Հայաստանում որոշակի դերակատարություն ստանձնել ոչ թե միջնորդավորված, այլ հենց սեփական օրակարգով: