Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մոտ 1500 քաղաքացիներից պատվաստված են ընդամենը 5-ը
Կորոնավիրուսի բուժման նպատակով Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, այդ մասին Կառավարության նիստի սկզբում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ավելացնելով, որ ընդհանուր առմամբ 3050 մահճակալ այս պահին պրակտիկորեն անընդհատ զբաղված է:
«Մենք ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ 307 և թոքային օդափոխության սարքերին միացված՝ 152 քաղաքացի:
Այս շտամի առանձնահատկությունն է, որ թե՛ հիվանդության ընթացքի ծանրության, թե՛ վարակելիության, թե՛ տարիքային առումով, իսկապես, ավելի ծանր վիճակում է մեզ դնում: Այս շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում հղիների մոտ: Այս պահին էլ ունենք 122 հղի կին, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ և թթվածնային կախյալ են»,- ասաց Ավանեսյանը՝ հավելելով, որ ներկայումս դրական ակտիվ դեպքերի 34 հազար 433 քաղաքացիների շրջանում պատվաստված քաղաքացիներն ընդամենը 1702-ն են:
«Հոսպիտալացված մոտ 3100 քաղաքացիներից պատվաստվածների թիվն ընդամենը 96 է, վերակենդանացման բաժանմունքներում գտնվող մոտ 1500 քաղաքացիների մեջ ունենք ընդամենը 5 մարդ, որ պատվաստված են»,- ասաց նախարարը: