169 միլիոն դրամ վճարեցինք՝ խափանման միջոցը փոխվեց
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, հայտնի նաև Ճոյտ մականունով, երեկ ուշ երեկոյան ազատ էր արձակվել։ Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը ձերբակալվել էր հարկային պարտավորությունները չկատարելու և ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու համար։ Վերջինիս փաստաբանը տեղեկացրել էր, որ ազատ արձակվելուն պես Հակոբ Հակոբյանը շտապել է հիվանդանոց՝ անհապաղ վիրահատվելու։ Մենք կապ հաստատեցինք Հակոբ Հակոբյանի հետ, նա արդեն հիվանդանոցից վերադառնում էր տուն։
Ինչպե՞ս եք ձեզ զգում, դեռ հիվանդանոցու՞մ եք։
-Նորմալ, գնացինք բժշկի, մի քիչ բուժում ստացա, նորից դուրս եկա։
Պարո՛ն Հակոբյան, այս անակնկալ ձերբակալությունն ու նույնքան անակնկալ ազատ արձակելն ինչի՞ հետ եք կապում։
-Դե, նախկինում ստուգումներ են կատարվել իմ ձեռնարկություններից մեկում։ Հաշվապահը շփոթվել էր, 3 տարի շարունակ իր սխալի հետևանքով, հաշվետվություն տալու ընթացքում առաջացել էր հարկեր։ Հետո, երբ որ մեր մոտ ստուգումների եկան 2014 թվականին, հայտնաբերեցին, որ սխալվել է ինքը։ Սակայն դա չի նշանակում, որ դու պետք է պատասխանատվությունից ազատվես։ Ես էլ լինելով այդ ձեռնարկության սեփականատերը՝ վերցրեցի ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա և ասացի, որ եթե իմ ձեռնարկության հաշվապահը, կամ տնօրենն ինչ-որ բան սխալվել է՝ դիտավորյալ, պատահական, կամ չհասկանալով, ամբողջ պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա։ Եվ մենք 169 միլիոն դրամ փող վճարեցինք, և դրանից հետո խափանման միջոցը փոխվեց։
Մարդիկ կան ձեր ձերբակալությունը կապում են ֆիլմի հետ, այսպես ասած «մշակութային բանտարկյալ» էին ձեզ համարում։
-Չէ, բոլորովին, բոլորովին։ Ֆիլմի նկատմամբ որևիցե բան չի եղել, ֆիլմը ստեղծվել է այն ժամանակ, երբ արդեն ակտը գրված-վերջացրած է եղել։ 2014 թվականին այդ ստուգումներն իրականացրել էին։
Իսկ ե՞րբ եք նախատեսում ֆիլմի պրեմիերան։
-Դե տեսնենք, հիմա ասենք դեռ մի օր էլ չկա, որ ես ազատության մեջ եմ, տեսնենք դեռ, ուսումնասիրենք, մասնագետներն ինչ կասեն, ինչ խորհուրդ կտան։ Տեսնենք… Հիմա տեսնենք ոնց է զարգանում Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված զարգացումները, ով գիտենա, միգուցե թողնենք 2016 թվականին ցույց տանք, թե հիմա ցույց տանք։ Մասնագետներն ուսումնասիրություն կիրականացնեն։
Պարո՛ն Հակոբյան, Նախախորհրդարանի անդամներից մեկի հետ նույն խցում էիք, այնպես չէ՞։
-Այո, Գարեգին Չուգասզյանի։ Սկզբից ի վեր մենք իրար հետ պայմանավորվեցինք։ Ես առաջարկեցի, որ անկախ այն բանից, թե մենք տարբեր հայացքներ ունենք, քանի որ ես Հանրապետական կուսակցությունն եմ ներկայացնում՝ այսօրվա մեծամասնությունն իշխանության, ինքը… Ասացի ինչ ուզում ես քննարկենք, միայն անձնական վիրավորանքներ մարդկանց, կլինի ղեկավարներին, անձնական վիրավորանքներով, մականուններով չխոսենք, դու քո համոզմունքներն ունես, ես էլ իմ համոզմունքներն ունեմ։
Եվ, չե՞ք վիճել։
-Մենք դարձանք ավելի մոտ, հարազատ, բարեկամներ, սաղ այսպես հանգիստ, տարբեր հարցեր ենք քննարկել։ Բայց ես իմ կածիքը չեմ փոխել, ինքն էլ իր կարծիքը չի փոխել։
Սկզբնաղբյուր ` Hraparak.am
