2015թ-ին անշարժ գույքի գործարքների քանակը նվազել է. բնակարանների գներն էլ՝ բարձրացել
2014թ-ի հունվար–սեպտեմբերի համեմատ, 2015թ-ի առաջին ինն ամիսներին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների թիվը պակասել է շուրջ 2731-ով և կազմել 35 հազ. 421 գործարք, որից առուվաճառքի թիվը կազմում է 25 936-ը։ Ցուցանիշները հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Եթե համեմատենք միայն սեպտեմբեր ամսին կատարված գործարքները, ապա դարձյալ 2015թ-ի սեպտեմբերի ցուցանիշը ցածր է կազմում։ 2015թ. սեպտեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 15 հազ. 511 գործարք, իսկ 2014թ-ի նույն ամիսն՝ 18 472 գործարք:
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքները միայն 8 772-ն են եղել նախորդ տարի 10 հազ. 801-ի համեմատ։
Նախորդ տարվա սեպտեմբերի հետ համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների գները բարձրացել են։ Անփոփոխ են մնացել միայն կենտրոնի բնակարանների 1 քմ-ի գինը, որը կազմում է 428 հազ. դրամ։
Փոքր-ինչ տատանվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների բնակարանների մեկ քմ-ի գինը՝ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ բարձրանալով 100 դրամի չափով ու կազմել 356 հազ. 700 դրամ։
Մյուս վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ-ի գինը բարձրացել է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 300-ից մինչև 1000 դրամի չափով։ Մասնավորապես, ամենաշատը թանկացել է Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն, Աջափնյակ և Նուբարաշեն վարչական շրջաններում։
Մարզային մի շարք քաղաքներում բազմաբնակարան շենքերի բնակարանների գները մնացել են անփոփոխ նախորդ տարվա համեմատ, որոշներում էլ գները բարձրացել են 100-ից մինչև 900 դրամի չափով։
Մեկ քառ մետրի գինը ամենաշատը բարձրացել է քաղաք Դիլիջանում, միայն այս քաղաքում է, որ նախորդ տարվա համեմատ թանկացումը կազմել է 1700 դրամ։
