2016 թ.-ին ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին. Ֆինանսների փոխնախարար
2016 թ.-ին ՀՀ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին, իսկ տնտեսական աճը ՝ պայմանավորված արտաքին գործոններով՝ կլինի ավելի համեստ` ՀՆԱ-ի 2 տոկոսը, իսկ 12 ամսվա կտրվածքով՝ 4` պլյուս մինուսն մեկ տոկոս: ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարակման ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:
«ՀՀ 2016 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով՝ 1 219.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1 411.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)՝ 192.4 մլրդ դրամ»,-ասաց նա:
Ըստ նրա՝ «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1,183.0 մլրդ դրամի չափով, 2015 թ. համար հաստատված 1,191.5 մլրդ դրամից և 2014 թ. փաստացի ստացված 1,094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց: «Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2016 թ. համար ծրագրվել են 1,129.0 մլրդ դրամի չափով՝ 2015 թ. համար հաստատված և 2014 թ. փաստացի համադրելի մուտքերի համապատասխանաբար՝ 1,138.7 և 1,049.0 մլրդ. դրամի դիմաց»:
«Հարկային եկամուտների և պետական տուրքերի 2016 թ. ծրագրային մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 20.7%-ը` 2015 թ. համար ծրագրային և 2014 թ. փաստացի համապատասխանաբար 23.4%-ի և 21.7%-ի դիմաց»,-նշեց Պավել Սաֆարյանը և ավելացրեց, որ գալիք տարի ՀՀ կունենա նաև տարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ներդրումներ՝ 30.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ:
