2016-ի քրեական խրոնիկան (ամփոփում)
2016 թվականին մեզանից անպակաս էին քրեական դեպքերը, ամիսը գոնե մեկ անգամ լսում էինք սպանության, քրեական ծանր հանցագործության մասին։ Մի դեպքում՝ տղամարդը կացնահարելով սպանել էր զոքանչին և կնոջը հասցրել ծանր մարմնական վնասվածքներ, մյուս դեպքում՝ տանը երեխաների դիակներ, իսկ մորը կախված վիճակում էին գտել։ Այսպիսի ողբերգական դեպքերը քիչ չէին։ Այս ամենից բացի՝ տարին հիշարժան էր նաեւ զինված խմբերի վնասազերծումով։
Նորք Մարաշի բանդա - Նորք Մարաշում անցած տարի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծվել էր զինված խումբը։ Այս գործը քննվեց ու դատարան հասավ այս տարի։ 2016 թ դեկտեմբերի 2-ին էլ գործով առաջին նիստն էր։ Այս գործով անցնում են 20 անձինք, որպես զինված խմբի ղեկավար ներկայացվում է Արթուր Վարդանյանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել։ Այս գործով անցնում են «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Ժիրայր Սեֆիլյան - Մայիսին ձերբակալել էին ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանին։ Երեւան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով: ՀԿԳ քննիչները պարզել էին, որ ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը։ Ի աջակցություն Սեֆիլյանի բազմաթիվ բողոքի ակցիաներ, իրազեկման երթեր տեղի ունենան։ Ժիրայր Սեֆիլյանի գործով նախաքննությունը ավարտվել է, գործը դեռ չի հասել դատարան, սակայն վերջինիս փաստաբան Տիգրան Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ գործը մի քանի շաբաթվա ընթացքում դատարանում կլինի։
Սասնա ծռեր - Տարվա ամենաաղմկոտ, քննարկված ու մինչև օրս ակտուալ թեման հուլիսյան դեպքերն էին, երբ այդ ամսի 17-ին «Սասնա ծռեր» զինյալ խումբը գրավեց Էրեբունու ՊՊԾ գունդը։ Դրանից հետո բազմահազար քաղաքացիներ դուրս եկան փողոց, բազմաթիվ մարդիկ հայտնվեցին հիվանդանոցներում, մի մասը կալանավորվեց:
Գևորգ Սաֆարյան - Հունվարի 1-ին մի խումբ ակտիվիստներ որոշել էին Նոր տարի նշել, սակայն տոնական տրամադրությունը երկար չտևեց, բախումներ սկսվեցին ոստիկանների և ակտիվիստների միջեւ, երեք հոգի բերման ենթարկվեցին, իսկ Գևորգ Սաֆարյանը կալանավորվեց։ Այժմ դատաքննության փուլում է գործը, դատախազը Գևորգի համար պահանջել է 2,5 տարի ազատազրկում։
Տարին լի էր նաև սպանություններով։ Այս տարի եւս բանակում բազմաթիվ կրիմինալ դեպքեր գրանցվեցին: Գլխի հրազենային վիրավորումից զոհված ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան մեջ մեղադրվեց նրա հրամանատարը՝ Չխտչյանը։ Սևակը մահացել էր մարտի 24-ին, ճակատային շրջանում ստացած վերքից։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ գլխավոր փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը իսկական շոկ էր հանրության համար, նրան 10 օրից ավելի փնտրում էին ծանոթներն ու բարեկամները: Պարզվեց, որ Կարեն Վարդանյանին սպանել էին 22-ամյա Գևորգ Զոհրաբյանը, 43-ամյա տաքսիստ Արթուր Միհրանյանը՝ Կարենի մոտ եղած գումարը վերցնելու նպատակով:
Հոկտեմբերի 2-ի ընտրությունները բավականին թեժ անցավ, հատկապես վիճակը ցավալի էր Գյումրիում, երբ լուրեր տարածվեցին, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու՝ Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակի դին գտել են նկուղում։ Ըստ եզրակացության՝ նա ինքնասպանություն էր գործել։
Օրերս ևս մեկ ահասարսուռ դեպքի մասին լսեցինք․ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մայրը խեղդամահ էր արել երկու անչափահաս աղջիկերին և ինքն էլ կախվել էր, երեկ արդեն քննարկվում էր, որ ընտանիքի հայրն է բռնություն գործադրելով սպանել երեխաներին և կախել կնոջը, սակայն տվյալներ են ձեռք բերվել, որ կինը «դեպրեսիվ սինդրոմ՝ արտահայտված ընկճվածությամբ» ախտորոշմամբ 2014թ հաշվառված է եղել Սպիտակի ԲԿ հոգեբուժական կաբինետում և նրան հատկացվել են անտիդեպրեսիոն և հոգեմետ դեղեր:
http://hraparak.am/?p=132954&l=am/2016-i+qreakan+xronikan+ampopum
