21 ամյա կալանավորը ինքնասպան է եղել կախվելու միջոցով
Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր 21-ամյա Անզոր Կարապետյանի մահը վրա է հասել կախվելու հետեւանքով: Այս մասին NEWS.am-ին ասաց նա փաստաբան Անի Չատինյանը:
Հունվարի 4-ին մահացած Անզորի հարազատները, սակայն,առարկություններ ունեն, նրանք պատրաստվում են լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն պահանջել:
«Մենք առարկություններ ունենք: Կան հարցեր, որոնք չեն բացահայտվել վարույթն իրականացնող մարմնի կողմից: Եզրակացության հետեւությունից հարցեր են առաջացել մեզ մոտ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ այդ հարցերը վերաբերում են հիմնականում Անզորի ունեցած մարմնական վնասվածքներին:
Հիշեցնենք, որ Անզոր Կարապետյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Նրա ծնողները պնդում են, որ իրենց որդին չէր կարող ինքնասպանություն գործել:
Հիշեցնենք, որ Անզոր Կարապետյանի մահվան վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: 2016 թ. հունվարի 11-ին նրա հարազատները դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, պատմել, որ հունվարի 4-ին «Արմավիր» ՔԿՀ-ից իրենց հայտնել են, որ Ա․Կարապետյանը ինքնասպանություն է գործել, մինչդեռ իրենք այդ վարկածին չեն հավատում, քանի որ 21-ամյա տղայի մարմնի վրա բռնության հետքեր են եղել, ներքին օրգանները վնասված են եղել:
Անզոր Կարապետյանը մահանալուց ժամեր առաջ է տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ: Նա 2015 թ. դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում մասնակցել է ծեծկռտուքի, ինչից հետո ներկայացել է ոստիկանություն, նրան ձերբակալել են, այնուհետեւ՝ 2016 թ. հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորել եւ տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: