29 ընտանիք՝ մոտ 40 հոգի, մնալու է փլատակների տակ.
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր շենքը գլխներիս փուլ ա գալիս, 29 ընտանիք՝ մոտ 40 հոգի, մնալու է փլատակների տակ»,-երեկ ասել են կառավարության շենքի մոտ բողոքող Լենուղի գյուղի բնակիչները: Նրանք նախարարներին առաջարկել են ընտանիքներով գալ եւ բնակվել իրենց 4-րդ կարգի վթարային շենքում: «Ոչ ջուր ունենք, ոչ գազ, երեկվա ուժեղ քամին էլ պատճառ դարձավ, որ լույս էլ չունենանք: Տան մեջ նստած՝ գլխներիս քար ա թափվում, երեխուս գլխին երեկ մի կտոր քար ընկավ»,-ասել է բնակիչներից մեկը: «1989 թվականից ասում են՝ ձեզ կփոխհատուցենք, բնակարան կտանք: 25 տարի ա՝ խաբում են: Ամեն օր գալիս ենք, էսօր կլինի, վաղը կլինի, էս տարի կլինի, մյուս տարի կլինի… Վաղը գալու ենք, մեզ ստեղ սպանենք, պրծնենք»,- սպառնացել են արմավիրցիները:
