30 հազար եվրո`կառավարության ղեկավարի հարցազրույցները տպագրելու համար
Մի քանի օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ 2014թ. դեկտեմբերի 30-ին իսպանական ամենախոշոր պարբերականներից մեկը` «ԷլՄունդոն», Հայաստանին նվիրված հատուկ թողարկում է տպագրել: Համարում ներկայացվել են հարցազրույցներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի, ինչպես նաև ՀՀ տարբեր հասարակական կազմակերպությունների և արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
«Առաջին լրատվական»-ի աղբյուրները փաստում են, որ կառավարության ղեկավարը հայտնի պարբերականում նշված հավելվածի համար կլորիկ գումար է վճարել՝ 30 հազար եվրո: Իսկ հարցազրույցների շարք տպագրելու միջնորդը եղել է հենց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, որը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին է:
Ուշագրավ է, որ երկրում ստեղծված նման ճգնաժամային պայմաններում վարչապետն իրեն նման շռայլություն է թույլ տալիս, և կասկածից վեր է, որ նա այդ գումարը վճարել է պետական բյուջեից:
Ի դեպ, խոշոր գումարի դիմաց միջազգային հայտնի պարբերականներում հարցազրույցներ տպագրելը կարծես թե ավանդույթ է դառնում: