44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքների պատասխանատուն եւ գլխավոր մեղավորը իշխանությունն է. Աբրահամյան
ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ մի իսկական բամբասանք-ասուլիս էր կազմակերպել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո եւ «գուշակություններ» էր անում, թե իրականում ինչու խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքներին: Ըստ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ` իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե պատերազմը քննող հանձնաժողովի միջոցով հնարավոր է լինելու բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները, բայց դրանում շահագրգռվածություն չի ցուցաբերում ընդդիմությունը։
– Նախ սկսենք այն հանգամանքից, որ եթե իշխանությունը նմանատիպ կամք ու ցանկություն ունենար, ապա դրա համար կային իրավապահ մարմիններ` սկսած Գլխավոր դատախազությունից վերջացրած քննչական մարմիններով, ԱԱԾ-ով, որոնք հենց իշխանության, պետության գլխավոր մարմիններն են` բացահայտումներով զբաղվող: Կա շատ կարեւոր հանգամանք, որն իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են «սղացնել»` օբյեկտիվության հանգամանքը: Բոլորի համար ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմի աղետալի հետեւանքների պատասխանատուն եւ գլխավոր մեղավորն իշխանությունն է: Հիմա այդ նույն իշխանության ներկայացուցիչների գլխավորությամբ` ձեւավորում է քննիչ հանձնաժողով եւ ասում է` եկեք մեր գլխավորությամբ որոշենք մեր պատասխանատվության կամ մեղավորության աստիճանը: Այս պայմաններում սա իշխանության համար ուղղակի բեմադրություն է, որի գլխավոր նպատակն է փակել 44-օրյա պատերազմի էջը` նախապես նշանակելով մեղավորների, պատասխանատուների եւ փորձելով այս ողջ գործընթացն իշխանության վերին էշելոններից վերցնել ու տեղափոխել ցածր օղակներ:
