5 տարով ազատազրկված՝ Շենգավիթի նոտարը կրկին հայտնվել է դատարանում
«Շենգավիթ» նոտարական տարածքի նոտար Վահագն Գրիգորյանը, որն ընդամենը 2 ամիս առաջ 64 հազար ԱՄՆ դոլար հափշտակելու համար 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, կրկին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Վահագն Գրիգորյանն այժմ էլ մեղադրվում է 2014թ.-ի մարտից մինչեւ նոյեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով իրեն վստահված 85 մլն դրամը հափշտակելու մեջ: Այս գործը նույնպես քննվելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
Ավելացնենք, որ մայիսի 26-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել իրեն վստահված եւ Մարի Մախայներին ու Միխայել Մեսյանին պատկանող 30 մլն 396 հազար դրամին համարժեք 64 հազար ԱՄՆ դոլարը յուրացնելու մեջ եւ դատապարտվել 5 տարվա ազատազրկման: Միեւնույն ժամանակ դատարանը բավարարել էր քաղաքացիական հայցը եւ հօգուտ տուժող կողմի բռնագանձել 30 մլն 396 հազար դրամ: