60 տարեկան սանիտարկա մի պահեք, 40 տարեկան երիտասարդի ընդունեք. դատավորը` «Շենգավիթ» ԲԿ-ի փոխտնօրենին
Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստին այսօր` նոյեմբերի 8-ին, դատավոր Դավիթ Բալայանը կրկին բարձրացրեց հարցը` ինչու են ծննդկանին պատգարակով տեղափոխել են հարազատները, ոչ թե «Շենգավիթի»բուժաշխատողները:
«Հարազատներն ասում են` իրենք են Մերի Մարգարյանին պատգարակով մոտեցրել Շտապօգնության մեքենայի»,- ասաց դատավորը` դիմելով գործով վկա, «Շենգավիթ» ԲԿ-ի տնօրենի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանին:
ԲԿ-ի փոխտնօրենը նախ նշեց` միգուցե հարազատներն են այդպես ցանկացել, ապա հավելեց. «Եթե 60 տարեկան սանիտարկա է, իսկ երիտասարդ հարազատներն էլ առաջարկում են օգնել, թող օգնեն»:
Պատասխանը Դավիթ Բալայանին կարծես հունից հանեց. «60 տարեկան սանիտարկա մի պահեք, 40 տարեկան երիտասարդի գործի ընդունեք»:
Դավիթ Մխիթարյանը հակադարձեց, թե ցածր աշխատավարձով երիտասարդներ չեն գալիս:
«Բարձր աշխատավարձ տվեք, մասնավոր հիմնարկ եք»,- ասաց դատավորը, ինչին փոխտնօրենն արձագանքեց` ինքը չէ աշխատավարձի չափը որոշում:
Նշենք, որ այս հարցը դատավորը բարձրացրեց նաեւ նախորդ նիստի ժամանակ, երբ ցուցմունք էր տալիս մանկաբարձության եւ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը:
«Ուր էր ձեր շնորհքը, պարոն Սիրունյան, Մերի Մարգարյանի հարազատները նաեւ ձեր մարդկային վերաբերմունքի բացակայությունից են բողոքում»,- ասել էր Դավիթ Բալայանը:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները պնդում են, որ հուլիսի 27-ին հղիին իրենք են պատգարակով մոտեցրել Շտապօգնության մեքենային, քանի որ ոչ մի բուժաշխատող չի եղել, որ տեղափոխումը կազմակերպի:
Մանրամասն` news.am
