ԱԱԾ-ն Երրորդմասցի Լյովիկի անվան հետ կապված գործը քննելիս դոփում է տեղում
Մեկ ամսից կլրանա Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործի նյութերով հարուցված նոր քրեական գործով անցնող մեղադրյալ Արա Խաչատրյանի կալանքի տակ գտնվելու վեց ամիսը, և քանի որ նրան մեղսագրված հանցանքը համարվում է միջին ծանրության, նախաքննական մարմինն այլևս իրավունք չունի երկարաձգելու այն:
Yerkir.am-ի հետ զրույցում Արա Խաչատրյանի պաշտպան Միհրան Պողոսյանը տեղեկացրեց, որ մինչ այսօր քրեական գործի նախաքննությունը չի ավարտվել: «Պատճառաբանում են, թե մի շարք քննչական գործողություններ կան իրականացնելու, սակայն այս պարագայում անհասկանալի է, թե ինչու այդ գործողությունները չէին իրականացվում կալանքի տակ գտնվելու նախորդ 5 ամիսների ընթացքում, և այս պարագայում արդյո՞ք նախաքննական մարմինը ցուցաբերել է բավարար ջանասիրություն»,- ասաց պաշտպանը և հավելեց, որ այս ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ ընդամենը մեկ ժամ են քննչական գործողություն կատարել:
Նշենք, որ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Խաչատրյանը օգոստոսի 1-ին հացադուլ էր հայտարարել և պահանջում էր կա'մ գործն ուղարկել դատարան և այնտեղ որոշել իր մեղավորությունը, կա'մ խափանման միջոցը փոխել: Գործը քննող քննիչը խոստացել էր հայտարարել նախաքննության ավարտի մասին, և այդ հույսով էլ Խաչատրյանը դադարեցրել էր հացադուլը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, այս գործով նախաքննությունը դեռևս չի ավարտվել:
Մանրամասները՝yerkir.am-ում