ԱԱԾ-ն հայտնաբերել է Երևանում ահաբեկչությունների մասին կեղծ ահազանգերի հեղինակին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների համակցված գործունեության շնորհիվ հայտնաբերվել է ս.թ. հուլիսի 27-ին նախապատրաստվող ահաբեկչության մասին կեղծ ահազանգեր կատարած անձը:
Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1987թվականին ծնված Սարգիս Ռուբենի Սաֆարյանը, Ռուսաստանի Դաշնությունից դեպի ՀՀ երկու առանձին զանգ կատարելով հայտնել է, թե իբր «Զվարթնոց» օդանավակայանում եւ «Արմենիա» հեռուստաընկերությունում տեղադրված են ռումբեր, որոնք կարճ ժամանակում պայթելու են:
ԱԱԾ-ն հիշեցնում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը քրեորեն պատժելի արարք է /ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդված/, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր տրամադրության տակ ունի բավարար միջոցներ ու հնարավորություններ նման ցանկացած արարք բացահայտելու եւ այն կատարած անձին հայտնաբերելու համար:
Փաստի կապակցությամբ ձեռք բերված նյութերը փոխանցվել են իրավասու պետական մարմիններին` համապատասխան իրավական ընթացակարգեր սկսելու համար։