Աբրահամյան դաշինքի «անդունդը» խանգարվեց
ՖԲ-ում տարածվել են լուրեր առ այն, որ Արա Աբրահամյանը օրերս հանդիպել է նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ, այն բանից հետո, երբ շուրջ երկու շաբաթ շարունակ ձեւավորվող դաշինքը հինգ կուսակցությունների մասնակցությամբ, երեկվա դրությամբ, արդեն, մեկ ակընթարթում փլուզվել է:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն դրա պատճառը եղել է դաշինքի անվանման վերաբերյալ տարաձայնությունները: Եթե սկզբնական փուլում բոլորը միասին որոշել էին դաշինքը կոչել «Հայկական միաբանություն», ապա երեկ Արա Աբրահամյանը կտրուկ փոխել է իր վերաբերմունքը այս հարցի վերաբերյալ եւ պնդել է, որ դաշինքը պետք է կոչվի իր անունով, որից հետո անմիջապես 4 կուսակցություններ դադարեցրել են բանակցությունները: Նշենք, որ մինչ այդ Ա. Աբրահամյանը, ինչպես հայտնի է, Տիգրան Ուրիխանյանի հետ արդեն ստորագրել էր հուշագիր:
Երկու շաբաթ կառուցվող դաշինքի փլուզվելուց հետո Արա Աբրահամյանը վերհիշել է Տիգրան Արզաքանցյանին, որին երկու շաբաթ առաջ եւս հանդիպել էր, բայց մերժել էր վերջինիս հետ դաշինք կնքելու առաջարկը, քանի որ Արա Աբրահամյանին պետք էին քաղաքական դեմքեր եւ ոչ թե մեծահարուստներ: Սակայն քաղաքական դեմքերի հետ լեզու չգտնելով Աբրահամյանն անդրադարձել է Արզաքանցյանի տարբերակին:
