Ադրբեջանական կողմի արձակած կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից առաջնագծի ողջ երկայնքով կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը խախտվել է ավելի քան 70 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն:
ԼՂՀ ՊԲ հայտարարության մեջ ասվում է. «Ապրիլի 15-ի լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակորդը առաջնագծի ողջ երկայնքով ավելի քան 70 անգամ խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` հիմնականում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ:
Կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում` շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ժամը 02:15-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի հետևանքով հակառակորդի կողմից արձակված կրակոցից ձախ բազկի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Գագիկ Վյաչեսլավի Խուրշուդյանը:
Ադրբեջանական զինուժի նախահարձակ գործողություններին ի պատասխան` ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են կանխարգելիչ քայլերի և ճնշել հակառակորդի ակտիվությունը: Ղարաբաղյան ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել սահմանային բնագծի հուսալի պաշտպանությունը»:
