Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն մի դեպքում. Պատրուշև
Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը։ Նրա խոսքով, առայժմ Արևմուտքի քայլերը միայն սրում են իրավիճակը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շահագրգռված ենք նաև հարավկովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելու և փոխադարձ վստահության ու համագործակցության ամրապնդմամբ»,- վստահեցրել է նա։
«Այդ նպատակով՝ Ռուսաստանը հետևողականորեն քայլեր է ձեռնարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ այդ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման, սահմանների սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների բացման։ Պրակտիկան ցույց է տալիս, որ դա հնարավոր է միայն արտատարածաշրջանային ուժերի չմիջամտելու դեպքում: Արևմտյան երկրների գործողությունները հրահրում են իրավիճակի դեգրադացիա տարածաշրջանում և նպաստում դրանում հակասությունների պահպանմանը»,- ընդգծել է Պատրուշևը: