Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը՝ առանց որևէ նախապայմանի. Չեխիայի իշխող խմբակցության ղեկավար
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար, Չեխիայի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի արձագանքը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմամբ։ Հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն ու սադրանքները, 120 000 մարդու կենսապահովման հիմնական աղբյուրից զրկելը առաջացնում են մարդասիրական ծանր հետևանքներ։
Ադրբեջանը պետք է վերաբացի միջանցքը, ապահովի տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ առանց որևէ նախապայմանի։ Առաջընթացի ճանապարհը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական կարգավորման շուրջ բանակցությունների շարունակությունն է, սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը և տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումը»,- նշված է տեքստում։
Արթուր Հովհաննիսյանը գրել է, որ, որպես Հայաստան-Չեխիա բերեկամական խմբի ղեկավար, իրավիճակի վերաբերյալ պարբերաբար տեղեկացնում է չեխ գործընկերներին՝ ակնկալելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ գնահատականներ, կոչեր և քայլեր։