Ադրբեջանը շարունակում է ցանկացած տոն ողբի օր դարձնել. Ալավերդյան
Հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում Ադրբեջանի հերթական սադրանքի հետեւանքով մարտի 7-ին զոհվեց ՀՀ ԶՈՒ զինծառայող, սերժանտ Հրաչ Մանասարյանը, ունենք նաեւ վիրավոր: ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ կարծիքով` այդ կրակոցները Հայաստանի պետականության դեմ են ուղղված:
– Տեղի ունեցածը նաեւ ՀՀ գործող իշխանության ապաշնորհ քաղաքականության հետեւանք է, որն ուղեկցվում է կեղծ կարգախոսներով եւ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության հետ, կարծես, ձեռք ձեռքի տված, վտանգում են Հայաստանը, Արցախը եւ ընդհանուր առմամբ` հայությանը: Ցավակցություններս եմ հայտնում Հրաչ Մանասարյանի մահվան կապակցությամբ: Ադրբեջանը շարունակում է ցանկացած տոն ողբի օր դարձնել: Մինչդեռ ադրբեջանական տոնացույցում վերջին 30 տարիների ընթացքում ավելացել են նոր տոներ: Դրանք այն օրերն են, երբ իրենք ցեղասպանական գործողություններ են իրականացրել հայերի նկատմամբ:
