Ադրբեջանը զրոյացրեց նախագահների մակարդակով երեք հանդիպումները
Ադրբեջանի կողմից ուղղաթիռ խոցելը նոր իրավիճակ է ստեղծում հայ-ադրբեջանական հարաբերություններում. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
«Մի բան պարզ է, որ սրանով Ադրբեջանը զրոյացրեց նախագահների մակարդակով երեք հանդիպումները»,-ասաց նա և հավելեց, թե այս ընթացքը շարունակելը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
«Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ շարունակելու է սադրանքների լեզվով խոսել, սա մեզ պիտի հարկադրի այլ տարբերակ մտածել, որ պիտի պատժվի Ադրբեջանը, մինչ չպատժվի, շարունակվելու է այս քաղաքականությունը»,-ասաց նա և ընդգծեց, թե Հայաստանը պիտի դառնա «մարդու երկիր», որտեղ մարդկային կյանքը մեծ նշանակություն ունի:
ՀՅԴ պատգամավորը Նախագահի՝ ուղղաթիռով ԼՂՀ մեկնելը դրական քայլ է համարում Հայաստանի կողմից, բայց՝ ոչ բավարար։
«Առաջին քայլը, կարելի է համարել Նախագահի այցը ուղղաթիռով, երբ Ադրբեջանը հայտարարում էր փակ թռիչքային գոտու մասին, բայց սա միայն սիմվոլիկ արարք է, այդքանով բավարարվել չի կարելի, այստեղ հսկայական անելիք ունի մեր քիչ գործունյա ԱԳՆ-ն»,-եզրափակեց նա:
