ԱԺ գազի հարցերով հանձնաժողովի համար 2 հազար էջն ուսումնասիրելը հեշտ չէ
«Հրապարակ» թերթը գրում է.«ԱԺ գազի հարցերով հանձնաժողովը շարունակում է աշխատել և ուսումնասիրել շուրջ 2 հազար էջանոց փաստաթղթերի փաթեթը, որը պետք է պատասխան տա քննարկման ենթակա 110 հարցերին:
Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքները երկարաձգվել են մինչև դեկտեմբեր։
«Հանձնաժողովն այս երկու ամսվա ընթացքում ընդամենը կարողացել է ուսումնասիրել ստեղծված իրավիճակը։ Մենք ունեինք 110-ից ավելի հարցադրումներ, որոնց վերաբերյալ ունեինք ավելի քան 1500 էջ տարբեր ատյաններից ստացված մեկնաբանություններ։ Հիմա գնում է այդ ամբողջ նյութերի, այդ ամբողջ տեղեկատվության ուսումնասիրությունը»,-ասաց հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները համակարծիք են, որ ցանկացած հարցադրման վերաբերյալ հարկավոր է ստանալ արժանահավատ տեղեկատվություն։ Եվ միայն այդպիսի տեղեկատվության հիման վրա է հնարավոր անել եզրակացություններ, տալ գնահատականներ։
Ըստ Հարությունյանի՝ դա բավականին ծավալուն աշխատանք է, և ինքը դժվարանում է ասել՝ արդյոք առաջիկա ամիսների ընթացքում իրենց կհաջողվի՞ այդ ամբողջը յուրացնել և ուսումնասիրել։ Սակայն մինչև արձակուրդ գնալն իրենք հասցրել են այդ փաստաթղթի որոշ մասն ուսումնասիրել։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
