ԱԺ խմբակցությունների «միասնականությունը»՝ սահմանային իրավիճակի առիթով, հեշտ չի ստացվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ԱԺ խմբակցությունների «միասնականությունը»՝ սահմանային իրավիճակի առիթով, հեշտ չի ստացվել: Հայ ազգային կոնգրես խմբակցությունը, որոշ տեղեկություններով, հակված չի եղել միանալու իշխանության հետ արվող հայտարարությանը, և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաձգել է իր ստորագրելու պահը: Տեքստում, որը երեկ հրապարակվեց, հիշեցնենք, հայտնում են, որ «ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին և մեր զինվորներին սատարելու հարցում» և կոչ են անում միջազգային հանրությանը «դադարեցնել ռազմական արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը, ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքերին»:
Հարկ է նկատել, որ թեպետ Ադրբեջանին առավելապես զինում է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, սակայն առանձնակի ռուսասիրությամբ աչքի ընկնող մեր իշխանականներն ու ոչ իշխանականները չեն ցանկացել կոնկրետացնել պահանջը և նեղացնել Պուտինին: Խմբակցությունները համատեղ հայտարարություն տարածելու մասին տեղեկացրել էին դեռ մեկ օր առաջ՝ օգոստոսի 4-ին, Ազգային ժողովում Պնախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումից հետո, բայց այն եղավ մոտ մեկ օր հետո, և պատճառը, ըստ լուրերի, հենց ՀԱԿ դիրքորոշումն է եղել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
