ԱԺ-ում 2015թ. պետբյուջեի քննարկումն ընդմիջվեց՝ առնվազն 4 օրով
Ազգային ժողովում քիչ առաջ հայտարարվեց 2015թ. պետական բյուջեի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով:
Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներն առաջիկա 24 ժամվա ընթացքում կարող են ներկայացնել իրենց գրավոր առաջարկները:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսվելուց առնվազն 24 ժամ առաջ կառավարությունն իր համար ընդունելի առաջարկների հիման վրա լրամշակված բյուջեի նախագծի վերջնական տարբերակը կներկայացնի ԱԺ:
2015թ. պետական բյուջեի նախագծի վերջնական տարբերակը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում և կդրվի քվեարկության:
2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումների ավարտին խմբակցությունները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, ինչից պարզ դարձավ, որ այն պաշտպանում է միայն ՀՀԿ-ն:
«Ելնելով ժողովրդի դժգոհությունից, մեր ծրագրային դրույթներից, «Բարգավաճ Հայաստան»-ը, տրամաբանական է և այդպես էլ պետք է լինի, դեմ է այս բյուջեի նախագծին»,- հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ, մասնավորապես, նշեց, թե անգամ այն ելակետի դեպքում, որ ՀՀ կառավարությունը կազմված է հրեշտակներից, վերլուծելով ԱԺ ներկայացված 2015թ. պետբյուջեի նախագիծը, իրենք հանգում են այն եզրակացության, որ գործ ունեն մի կառավարության հետ, որն ինքն իրեն համարում է ժամանակավոր կառավարություն:
«Միայն ժամանակավոր կառավարությունը կարող է ներկայացնել բյուջեի փաստաթուղթ, որը չի նախատեսում երկրի զարգացմանն ուղղված քայլեր ու ծախսեր, որն առանց զարգացման միջոցառումների ավելացնում է սոցիալական վճարները՝ հույս ունենալով դրանով զսպել սոցիալական բունտը և օրվա ընթացիկ հարցերը լուծել երկրի ապագայի հաշվին: Դա դասական ֆինանսական բուրգի պիրամիդալ սխեմայի կառավարություն է, որի նպատակն է ցանկացած գնով պահպանել իշխանությունը»,- ասաց Լ.Զուրաբյանը:
2015թ. պետական բյուջեի նախագծին կողմ քվեարկելու կոչով դիմած ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ներկայացված բյուջեի նախագիծն իրատեսական է, հավասարակշռված և ունի հստակ սոցիալական ուղղվածություն՝ միտված բկանչության սոցիալական վիճակի բարելավմանը, աղքատության և արտագաղթի նվազեցմանը:
