ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ԸՕ փոփոխությունները. այսօր կլսեն արտախորհրդարանական ուժերին (ուղիղ)
Հայաստանի Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն այսօր՝ հուլիսի 27-ին իր հերթական նիստն է անցկացնում:
Այսօր աշխատանքային խումբը կքննարկի արտախորհրդարանական ուժերի առաջարկությունները:
Կառավարությունը և «Ելք»-ը հանդես են գալիս միասնական համամասնական ցուցակներով ընտրակարգի օգտին, որի ժամանակ ընտրողը այդ ցուցակներում փոփոխություն անել չի կարող: «Ծառուկյան» դաշինքը ևս կողմ է այս ընտրակարգին:
ՀՅԴ-ն նույնպես մաքուր համամասնական ընտրակարգի կողմնակից է, սակայն ցանկանում է, որ այդ ցուցակները ընտրողը կարողանա այդ ցուցակից ընտրել իր ցանկալի թեկնածուին, ինչով ցուցակում հերթականության փոփոխություն կարող է լինել:
ՀՀԿ-ն, առաջարկում է հիբրիդային մոդել, երբ ընտրողին կտրվի երկու քվեաթերթիկ՝ մեկում կլինի մաքուր համամասնական ընտրություն, որտեղ կլինեն կուսակցությունների անունները միայն, իսկ երկրորդը կլինի տարածքային (ռեյտինգային) քվեաթերթիկ, ինչպես եղել է 2017-ի ընտրություններում:
ՀՀԿ-ն պնդում է, որ չի կարելի հրաժարվել տարածքային ցուցակներից, քանի որ այդ դեպքում մարզերից պատգամավորներ չեն ընտրվի, բոլորը կլինեն Երևանից:
