Ահազանգում է զինվորի մայրը.Խնդրում եմ ուշադրություն դարձնեն, որ տղաս առողջական խնդիրներ ունի
Fnews.am-ի խմբագրություն էր դիմել ժամկետային զինծառայող Սմբատ Ղամբարյանի մայրը` Արեւիկ Ղամբարյանը, ով պատկան մարմինների ուշադրությունն է ուզում սեւռել որդու առողջական վիճակի վրա: Բանն այն է, որ մայրը մտավախություն ունի, որ որդուն, ով տառապում է պարբերական հիվանդությամբ (կամ, ինչպես ժողովուրդն է ասում, «երևանյան» կամ «հայկական հիվանդությունը»), հնարավոր է տեղափոխեն դիրքեր ծառայության` այնինչ որդին զորակոչվել է, որպես սահմանափակ պիտանի ծառայության:
Անդրադառնալով, որդու հիվանդությանը եւ բանակ զորակոչվելու նախապատմությանը, զինծառայողի մայրը` տիկին Արեւիկը, պատմեց, որ որդին արդեն վեց ամիս է ծառայության է մեկնել, սակայն առողջական խնդիրները նրան հանգիստ չեն տալիս.

-Որդիս` Սմբատ Ղամբարյանը, որոշակի առողջական խնդիրներ ուներ 2015թվականին տարանք հիվանդանոց զննման, որտեղ էլ հայտնաբերեցին, որ երեխաս տառապում է Պարբերական հիվանդությամբ: Մշտապես շտապ օգնություններ ենք կանչել. որ հիվանդանոց տարել ենք՝ ասել են մեր հիվանդը չի: Ու ամեն անգամ տուն ենք բերել: 2018 թվականին պառկել ենք Արաբկիր կենտրոնում, որտեղ թեպետ նշեցին, որ կա հիվանդության գենետիկ հաստատումը, բայց այդ պահին այն իբրեւ չի հայտնաբերվում: Մինչ զորակոչը նորից ուղարկեցին անալիզի, նույն գենը նորից հայտնաբերվեց: Հետո, հենց հավաքակայանում երեխաս պրիստուպի մեջ ընկավ, չգիտես ինչու այդ մասին չգրանցվեց, եւ չբարձրաձայնվեց: Հուլիսի 24-ին, զորամաս տեղափոխվելուց հետո, կրկին հիվանդության սրացումներ են եղել, որի պատճառով տղաս բազմաթիվ անգամներ պառկել է բուժկետում:
- Այս պահին, նա ծառայության մե՞ջ է:
- Այո:
- Հիմա, ո՞րն է Ձեր խնդիրը:
-Խնդիրը նրանում է կայանում, որ այդ երեխան պետք է ինչ-որ մի օր դեղորայք ստանա չէ՞:Խնդիրը կա, բայց դեղորայք չի ստանում: Դրա հետ միասին նորից պետք է բժշկական փորձաքննություն անցնի:
- Իսկ դիմե՞լ եք ՊՆ-ին:
-Ես դիմել էի Հելսինկյան, իրենք իմ փոխարեն դիմել էին ՊՆ-ին, որտեղից գրավոր պատասխանել են, որ Սմբատը գտնվում է զորամասի հսկողության տակ:
-Այսինքն չեն հերքել, որ հիվանդ է:
-Չէ, չեն հերքել: Բառացի մեջբերում եմ գրության պատասխանը.«Ղամբարյանը օգոստոսի 3-8 գտնվել ստացիոնար հետազոտման մեջ ՝ Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում: Հոսպիտալացման ընթացքում պարբերական հիվանդությանը բնորոշ նոպաներ չեն արձանագրվել: Ղամբարյանը ներկայացվել է նաեւ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի արտագնա նիստին: Ղամբարյանը ճանաչվել է սահմանափակ պիտանի՝ զինվորական ծառայության համար: Ղամբարյանի նկատմամբ սահմանվել է դիսպանսեր հսկողություն՝ զորամասի բուժծառայության կողմից»:
-Ե՞րբ եք ստացել այս պատասխանը:
- Նոյեմբերի 6-ին:
- Իսկ ինչո՞ւ եք հիմա բարձրաձայնում:
-Ուղղակի ժամանակը գնում է, իսկ տղաս դեղորայք չի ստանում: Ճիշտ , է իրենց սպաները շատ ուշադիր են, բուժկետում շատ ուշադիր են տղայիս նկատմամբ, բայց ամեն դեպքում մտահոգված եմ, որ նա լիարժեք բուժում ստանա:Մեկ էլ մի խնդիր կա, որը ամենաշատն է ինձ այսօր անհանգստացնում:
- Ինչի՞ մասին է խոսքը:
- Իմ իմանալով, հիմա իրեն տեղափոխելու են «պոստավոյ »՝ այսինքն դիրքեր: Խնդրում եմ ուշադրություն դարձնեն, որ տղաս առողջական խնդիրներ ունի: Սա է իմ անհանգստության ամենակարեւոր պատճառը:
-Զինվորի մոր անհանգստության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, ով մասնավորապես ասաց.
-Զինվորի ծնողներն իրավունք ունեն իրենց դժգոհությունները արտահայտելու: ՊՆ-ում կա օրինական բողոքարկման թեժ գիծ: Թող դիմեն թեժ գծին, եւ իրենց իրավունքները պաշտպանեն, ինչպես որ կարգն է: Թեժ գիծը բոլոր բողոքները հասցնում է տեղ:
Անի Ավագյան
