Ականատես. «Ասես արյան մեջ լողալիս լինեինք»
«Բատակլան»-ում ամերիկյան մի ռոք խմբի` «Eagles of Death Metal»-ի համերգն էր: Ականատեսը պատմում է, թե ինչպես ահաբեկիչները դահլիճ մտան և սկսեցին կրակել. «Համերգն արդեն ավարտին էր մոտենում, -CNN-ի հետ զրույցում ասել է նրանցից մեկը` Ջուլիեն Փիրսը,- Ես կանգնած եմ եղել դռների մոտ և տեսել եմ, թե ինչպես են երկու ահաբեկիչները դահլիճ մտել ու սկսել կրակել»: Նրա խոսքերով` երկուսն էլ երիտասարդ են եղել, սև հագուստով, բայց առանց դիմակների. «Շատ հանգիստ ու վճռական տեսք ունեին: Կրակոցները գրեթե տասը րոպե են տևել: Նրանք չէին շարժվում, հանգիստ կրակում էին, ասես մենք պարզապես թռչուններ լինեինք»,- ասել է երիտասարդը:
Փիրսին և նրա մոտ կանգնած մարդկանց հաջողվել է փախչել և ազատ սենյակ մտնել այն ժամանակ, երբ ահաբեկիչները լիցքավորելիս են եղել իրենց զենքերը: «Մենք ծուղակում էինք», -նշել է նա: Երկրորդ անգամ նրան հաջողվել է վազելով փողոց դուրս գալ: Իր Ճանապարհին մի դեռահաս աղջկա է բախվել, ում ոտքը երկու տեղից վիրավորված է եղել: Աղջկան դրել է մի տաքսու մեջ և խնդրել հիվանդանոց հասցնել:
Ամերիկյան ռոք խմբից երկար ժամանակ ոչ մի լուր չի եղել, սակայն խմբի նվագողներից մեկի եղբայրը հայտնել է, որ նրանք ողջ են:
Պատրաստեց՝ Լուսինե Մարությանը
մանրամասները՝Իրավաբան.net-ում: