Ալավերդցի Վահագնը հարցաքննվել է. վաղը նրան մեղադրանք կառաջադրվի
Քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը, որը երեկ սպանություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է, այսօր հարցաքննվել է:
«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, նրան վաղը նախաքննական մարմինը մեղադրանք կառաջադրի: Քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է նաեւ նրա մտերիմներից Ալավերդի բնակիչ եւս մեկ անձ: Վերջինիս պատկանող առեւտրի սրահում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաեւ պայթուցիկ նյութ (Տրոտիլ տեսակի): Հունվարի 18-ին երեկոյան նա ձերբակալվել է՝ հանցավոր համագործակցությանը մասնակցելու եւ ապօրինի կերպով պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով եւ հարցաքննվել: Մեր տեղեկություններով, նա ընդունել է, որ տրոտիլ տեսակի պայթուցիկն ինքն է ձեռք բերել եւ պահել:
Աբգարյանը ձերբակալվել է 2017 թվականին Ալավերդիում Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով: Նրա «աջ ձեռքը» Արկո մականունով հայտնի Արթուր Մնացականյանը ձերբակալվել է նույն օրը՝ սպանությանը օժանդակելու, իսկ մյուսը՝ Արմեն Հարությունյանը սպանությանն անդամակցելու կասկածանքով: Այս պահի դրությամբ քրեական գործի շրջանակներում ձերբակալված է 4 անձ:
