Ալիկ Սարգսյանը` օրենքով գողերի հետ շփումի եւ նոր պաշտոնի մասին
Վերջերս դարձյալ բուռն քննարկումների կիզակետում է հայտնվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որի անվան շուրջ այս օրերին մի շարք ուշագրավ տեղեկություններ են շրջանառվում: Ի դեպ, համառ խոսակցություններ են պտտվում նաեւ այն մասին, որ Ալիկ Սարգսյանի անունը կապվում է հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ սերտ կապեր ունենալու մեջ, որի հետ կապված էլ փորձեցինք ստանալ վերջինիս մեկնաբանությունը:
-Պարոն Սարգսյան, հասարակական ու քաղաքական շրջանակներում ակտիվ խոսակցություններ կան, որ դուք նույնպես, օրենքով գողերի հետ ակտիվ շփումների մեջ եք: Եւ որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ շատ հանդիպումներ եք ունենում՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Ռուսաստանում: Ի՞նչ կասեք այս ամենի վերաբերյալ:
-Նման խոսակցություններն ուղղակի իրականությունից հեռու են:
-Այդ դեպքում ինչո՞ւ է խոսվում այդ մասին: Սովորաբար առանց կրակ ծուխ չի լինում…
-Ես չգիտեմ, երեւի ինչ-որ մարդիկ կան, որոնց հետաքրքրում է այս տիպի խոսակցություններ զարգացնելը, ուղղակի ինձ վարկաբեկելու համար: Բայց դա ինձ չի կպնի, եւ ընդհանրապես ես զերծ եմ այդ ամենից:
-Փաստորեն Ձեր վերաբերմունքի մասին հանցավոր աշխարհը լավ գիտի…
-Հազար անգամ եմ գործ ունեցել հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ, բայց ոչ ձեր ակնարկած տարբերակով՝ մտերմական ձեւով: Իհարկե, ձեր կողմից նշված բոլոր մարդկանց ես ճանաչում եմ այնքանվ ,որքանով իմ աշխատանքն է թելադրել:
-Պարոն Սարգսյան, իսկ Ձեր կարծիքով, այսօր դուք թշնամիներ շա՞տ ունեք:
-Չէ ես թշնամի ընդհանրապես չունեմ: Թշնամի ասած բառն ինձ համար մի քիչ հարաբերական է, ես նկատի ունեի թշնամության աստիճանը: Հիմա եթե մեկին աշխատանքից ազատել եմ, արդյո՞ք դա թշնամություն կարելի է համարել:
-Միգուցե թշնամությունը առաջացել է բիզնեսի՞ շրջանակներում:
-Ոչ, ես ինքս բիզնեսով չեմ զբաղվում ընդհանրապես: Ոչ մեկ ինձ բիզնես հանդիպումների մեջ տեսած չի լինի: Եղբայրս է զբաղվում բիզնեսով, բայց ես դրա հետ որեւէ առնչություն չունեմ: Ես որեւէ մեկի հարցով միջամտություն չեմ ունեցել, որեւէ մեկին բան չեմ խնդրել, նամանավանդ բիզնեսի հետ կապված: էլ չեմ ասում, որ որեւէ մեկի հացին վայիս չեմ եղել, ոչ մեկի կոպեկին աչք գցած չկամ:
-Քանի որ բիզնեսից խոսվեց, նշեմ նաեւ, որ Արարատի մարզում, խոսակցություններ կան նաեւ այն մասին, որ Արտաշատ քաղաքում կառուցվող <Արտաշատ Մոլի> տարածքը դուք եք ցանկացել վերցնել, սակայն ներկայումս այնտեղ Հովիկ Աբրահամյանի տղան է նոր սուպերմարկետ կառուցում: Սրա հետ կապված ի՞նչ կասեք:
-Այդ տարածքի մասին ես տեղյակ չեմ, որեւէ տարածքի վրա աչք չեմ ունեցել, ինչպես նաեւ կառուցապատման նպատակ:
-Խոսում են, որ ՀՀ կառավարությունում նոր պաշտոն եք ցանկանում ունենալ:
-Տարբեր խոսակցություններ են գնում, որ հանրապետության ղեկավարն ինձ գործ կառաջարկի եւ այլն:Այս խոսակցությունները բնականաբար կարող է մեկ, երկու կամ երեք հոգու նյարդայնացնել, որովհետեւ ինձ հետ կապված վատ հիշողություններ ունեն՝ զուտ աշխատանքի բերումով: Հնարավոր է, որ այդ մարդիկ փորձեն տրամադրություն ստեղծել, բայց դա ինձ հետ չի առնչվում: Վերջերս էլ գրել էին, որ ԱՄՆ-ոմ ունեցվածք եմ ձեռք բերել, ասեմ ավելի մեծ զառանցանք ես չեմ էլ պատկերացնի, որովհետեւ գնացել էի ԱՄՆ ընկերներիս մոտ, նաեւ բարեկամներիս տեսակցելու, մնացել եմ մոտ քսան օր: Նույնիսկ խոսակցություն չի եղել մի բան ձեռք բերելու կամ ինչ-որ բանով հրապուրվելու:
-Իսկ չե՞ք հրապուրվել ինչ-որ մի բանով:
-Չէ, եթե լիներ կասեի անպայման, ի տարբերություն շատ-շատերի:
-Իսկ Հայաստանում այդ ուղղությամբ որեւէ ակնկալիքներ կա՞ն:
-Ոչ:
-Ամեն ինչ ունե՞ք:
-Ոչ մի բանով հրապուրված չեմ, ուզում եմ հանգիստ ապրել:
-Հանգիստ ապրելն, իհարկե, լավ բան է, բայց ասում են, որ ցանկություն ունեք կրկին ոստիկանապետ դառնալու:
-Դա էլ է անհեթեթ խոսակցություն: Ես որեւէ տեղ չեմ ասել, որ ցանկանում եմ ոստիկանապետ դառնալ, զարմանում եմ, որ չեմ ասել ինչո՞ւ են նման ենթադրություններ անում:
-Այսինք, չե՞ք ցանկանում դառնալ ոստիկանապետ:
-Ցանկություն այս պահին չկա, բայց մի բան ուզում եմ որ իմանաք. այս երկրում ինչ պաշտոն որ կա, եթե նախագահն ինձ առաջարկի ու ասի, որ գնա աշխատի, կգնամ ու գիշեր ցերեկ կաշխատեմ: Ես չեմ կարծում, որ մի գործ կա, որը վատ եմ կատարել կամ վատ կանեմ: Բայց եւս մեկ անգամ ցանկանում եմ նշել, որ ես որեւէ պաշտոնի ակնկալիք եւ ցանկություն չունեմ: Ես երկրիս ծառայող մարդ եմ, ինձ որտեղ տեսնեն այնտեղ էլ կգնամ:
-Խոսենք ՀՀ վարչապետ-Ալիկ Սարգսյան հարաբերությունների մասին:Ներկա պահին ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հովիկ Աբրահամյանի հետ:
-Մենք ընկերներ ենք, ժամանակին ավելի հաճախ ենք շփվել, սակայն ներկայումս աշխատանքի բերումով ավելի ուշ-ուշ ենք տեսնվում:
Սոսե Չանդոյան
