«Ամեն անգամ աչքիս առաջ են գալիս». Հայտնի լեզվաբանի ամուսնու մայրը հիվանդանոց տեղափոխվեց
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Պետրոսյանի սպանության գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց սպանվածի մայրը, դատաքննական ցուցմունքի ժամանակ էլ նրա ինքնազգացողությունը վատացավ:
Նա հասցրեց շատ կարճ հարցերի պատասխանել՝ խնդրելով դատարանին ազատել նրան այդ ծանր պարտականությունից:
«Ամեն անգամ աչքիս առաջ են գալիս»,-այսօր դատական նիստի ժամանակ ասաց սպանվածի մայրը՝ նկատի ունենալով որդու սպանողներին:
«Ոչ մեկ չի կարող հերքել, որ սրանք են եղել… բայց չեմ կարող նշել, ով է կոնկրետ հարվածել… հարգելի դատարան, ընդունեք իմ նախաքննական ցուցմունքը, ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, ում ճանաչել եմ, ճիշտ եմ ճանաչել, հոգուս մեղավոր չեմ զգում, ինձ ազատեք այս ցավից»:
Դատարանը տիկնոջ ծանր հուզական ապրումների եւ ինքնազգացողության վատանալու պատճառով ընդմիջում հայտարարեց, այդ ընթացքում շտապ օգնություն հրավիրվեց եւ անհրաժեշտ բուժզննումից հետո տիկնոջը տեղափոխեցին հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Արտաշես Չիչոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար ,որ նա Խ.Կոսյանի, Ա.Նիկողոսյանի, Յու.Հակոբյանի, Ա.Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Ե.Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից: aravot.am
