Ամեն խուց 100 հազար դրամ տալիս է օպերին, 100 հազար՝ ռեժիմնիկին. դատապարտյալի նամակը
9 տարվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, որ բողոքում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների է ենթարկվում, լրագրողներին ուղղված նամակ է գրել, որով տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գումար են հավաքում դատապարտյալներից, խոշտանգում նրանց:
Նամակը `ամբողջությամբ, որը armtimes.com-ին է տրամադրել Հելսինկյան ասոցիացիան:
«Հարգելի լրագրողներ, ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ, էդ ձեւի էլ բառ առ բառ գրեք: Դուք մի մտածեք իմ մասին, որ կարողա վնասեն ինձ, կամ նեղություն տան: Ես էդ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում, ոչ էլ իրենց մառալնի նորանոր մտածված տանջանքներից: Ինչը որ թուրքը չի անում, իրենք անում են, միայն չբացահայտվի՝ իրենք ինչ են ինձ ներարկել ցեբեի բժիշկները:
Որ երկու տարի է ոչ կարողանում եմ խոսել, ոչ էլ քայլել: Եվ իրենք մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ մառալնի ինձ սովամահ են անում: Ստեղ հարցը հեռախոսը չի, իրենց ստուկաչների մոտ 3 հատ հեռախոս եւ մի հատ պլանշետ սաղի մոտ կա: Էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: Իսկ վաբշե բոլորի մոտ կա, ու մեկի տեղը երկու հատ: Ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին եւ մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձեւի համար տանեն հանձնեն: Էդ որ հեռուստացույցով ցույց են տալիս, դրանք էդ փչացած հեռախոսներն են: Ամիսը 2 հատ փչացած հեռախոս եւ ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատ ա տալիս՝ 40-50 հազար դրամ փող:
Հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպերին. ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս, բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող ով ուզում ա գա մոտս, շատ բան կա ասելու ու գրելու, իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: Իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի: Հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ ասելու իրենց ներկայությամբ ասելու ու գրելու:
Էս պետը 10 տարուց ավելի ստեղ եղել ա կագեբեի պետ: Ինչեր որ արել է, էստեղ Բուղլադարյանը, էդ նույն բաներն իրար հետ արել են երկուսով: Հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում եւ շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին անպայման ու ինչքան կարաք շուտ:
Ցավդ անեմ, դուխով գրի ու գրել, տպագրել տուր: Ես ոչ մեկից չեմ վախենում, որովհետեւ շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանց ավելի վատ բաների միջով եմ անցել, նենց որ, իմ մասին մտածելու բան չկա, ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում»,-գրած է նամակում:
Ըստ Հելսինկյան ասոցիացիայի դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա: Նրանց պնդմամբ՝ նման հիվանդություն ունեցող դատապարտյալին պետք է անհապաղ ազատ արձակել:
Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Միքայել Դանիելյանը մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ դատապարտյալին սկսել են խոշտանգել խցում այն բանից հետո, երբ չի կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության պահանջները: Իրավապաշտպանները պատմել է, որ Հրաչյա Գեւորգյանին դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ՝ 2015թ. փետրվարին բուժում իրականացնելու ընթացքում ներարկել են այնպիսի նյութ, որ նա հայտնվել է ծանր վիճակում, կոմայից դուրս գալուց հետո կորցրել է խոսելու, քայլելու, կլման ունակությունը:
Գեւորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ: Նա բողոքարկել է դատավճիռը Վերաքննիչ դատարան, սակայն դատարանը մերժել է բողոքը:
