Ամենավատ երազում էլ ժողովուրդը Ծառուկյանին նախագահ չի տեսնում
Ժողովուրդն իր ամենավատ երազում անգամ չի տեսնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին նախագահ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
«Եթե Ծառուկյանը նախագահ դառնա, ինքս էլ ճամպրուկներս կհավաքեմ ու կգնամ այս երկրից: Երբ ցույցերից մեկում Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին համեմատեց Իվանիշվիլիի հետ, նկատի ուներ, որ Ծառուկյանը կվերցնի իշխանությունը, կթողնի իրենց ու կհեռանա: Բայց Ծառուկյանը կարծես այլ նպատակներ ունի, բայց գործող Սահմանադրությամբ ժողովուրդն իր ամենավատ երազում նրան նախագահ չի տեսնում»,- ասաց Մակեյանը:
Նրա խոսքով` ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «միս ու արյուն» տվեց եռյակին: Թե ինչ նպատակներ է հետապնդել առաջին նախագահը, Մակեյանը դժվարանում է ասել` նշելով, որ Տեր-Պետրոսյանը հաստատ իր հաշվարկները կատարել է:
«Նրանց հարաբերությունները կամ պայթելու են, կամ հաջորդ ընտրություններին ԲՀԿ-ի ցուցակում կհայտնվեն Զուրաբյանի նման մի երկու մարդ»,- ավելացրեց նա:
