«Ամուլսար. կյանք, թե՞ հանք»
«Ամուլսար. կյանք, թե՞ հանք», «Գնացեք Ցիանիդի ծոցը», «Ջուր, թե՞ Ցիանիդ», «Ձեռքներդ հեռու Հայաստանից»… այս և նման այլ գրությամբ պաստառներով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները:
Վերջիննեիս մտահոգում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, քանի այն հղի է բացասական հետևանքներով:
Ցուցարարների խոսքով` Մեծ Բրիտանիայի օֆշորային Ջերսի կղզում գրանցված “Lydian International” ընկերությունը, ՀՀ վարչակազմի ոչնչով չհիմնավորված թույլտվությամբ ու միջազգային կապիտալի շահերը պաշտպանող մասնավոր և միջազգային հաստատությունների անմիջական մասնակցությամբ, նախատեսել է 10 տարվա ընթացքում «հոշոտել» Ամուլսարը:
«10 տարի հետո երբ հեռանա այդ օֆշորային ընկերությունը, ի՞նչ է լինելու Ջերմուկի եւ հարակից տարածքների հետ: Այդ հանքերի շահագործման հետեւանքով, մենք ունենալու ենք նաեւ ազգային անվտանգության խնդիր, որովհետեւ վտանգելու ենք մեր քաղցրահամ ջրերի գլխավոր պաշարները»,-Fnews.am-ի հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակից Լևոն Գալստյանը:
Ակտիվիստները նկատում են, որ տարեկան վերամշակվելու է 10 մլն տոննա հանքաքար, իսկ ոսկին հարստացվելու է խիստ թունավոր նատրիումի ցիանիդով՝ Գնդեվազ գյուղից 1 կմ, Արփա գետից 300 մետր, իսկ Ջերմուկ քաղաքից 7 կմ հեռավորության վրա։
Անկառավարելի ռիսկեր են ստեղծվելու Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելի, Սևանա լճի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Որոտան և Արփա գետերի համար»,- մեզ հետ զրոււյցում ասաց ակտիվիստներից մեկը:
«Այդ հանքավայրի շահագործման որոշումներ կայացնողները պետք է հասկանան, որ եթե ինչ-որ խնդիրներ առաջանան, իրենք են լինելու առաջին պատասխանատուները…
Նախաձեռնության մասնակիցները փորձում են բուկլետների և քարոզարշավների միջոցով իրազեկել խնդրին պատկան մարմիններին և կառավարությանը ստիպել դադարեցնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը:
