Անահիտ Բախշյանը դեմ է նման ճանապարհով ինչ-որ բան փոխելուն...
Երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար, հիմա մեր «խենթերը» իրենց կարծիքով գտան հնար: Այն ինչ կատարվեց «Հիմնադիր խորհրդարան»-ի և «Սասնա ծռեր» ջոկատի մի խումբ զինված անձանց կողմից երկրում առկա բացթողումների արդյուքն էր: Այս համոզմունքին է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Հասկանալով և ըմբռնումով մոտենալով խմբավորման անդամների պահանջներին ու հիմնավորումներին, Անահիտ Բախշյանը միևնույն ժամանակ չի խրախուսում նրանց այդ քայլը, քանի որ, ըստ նրա, պատանդներ վերցնելով կամ բախումների ժամանակ մարդ սպանելով հարցեր չեն լուծվում: «Մենք շատ հայտնի երգ ունենք` «…երբ չի մնում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար…», հիմա մեր «խենթերը» իրենց կարծիքով գտան հնար… Ես ամբողջովին դեմ եմ նման ճանապարհով ինչ-որ բան փոխելուն, որովհետև դա ոչինչ չի փոխում: Իրականությունը դրանից ավելի է չարանում, քինախնդրությունը ավելի է ընդգծվում ու խորանում: Վրեժ լուծելու ցանկությանը հագուրդ տալը շատ վտանգավոր է դառնում ու հասարակությունը ավելի է չարանում: Ես իսկապես այս տարբերակով լուծում չեմ տեսնում, չեմ կարծում, որ դա Սասնա ծռերի համար ցանկալի արդյունք կունենա: Տա' Աստված, որ Ժիրայր Սեֆիլյանը մասնակցի այս բանակցություններին ու որոշ հանգուցալուծման գան ու նոր զոհեր չունենանք»,- ընդգծում է մեր զրուցակիցը: