Անակնկալ զարգացում Սամվել Կարապետյանի հանդեպ սսպառնալիքի գործում
Մի քանի օր է, ինչ ռուսաստանցի հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը, ով Տաշիր գրուպի սեփականատերն է, սպառնալիք է ստանում, թե կպայթեցվեն նրա սուպերմարկետները: Gazeta.ru -ն հայտնում է, որ հունիսի 16-ին ահազանգ է ստացվել Մոսկվայի Ռիո առեւտրի կենտրոնի ականապատման մասին: Այդ առեւտրի կենտրոնը պատկանում է Սամվել Կարապետյանին: Ամենաուշագրավ տեղեկությունը սակայն այն է, որ ըստ Gazeta.ru-ի, իրավապահների աղբյուրը հայտնել է, որ նախնական տվյալով սպառնալից հեռախոսազանգերը ստացվել են Ուկրաինայից: Այլ մանրամասներ չկան:
Տեղի ունեցողը բավական տարօրինակ է: Այդօրինակ սպառնալիքների դեպքում պետք է որ ներկայացվի որեւէ պահանջ: Բայց հայտնի չէ, որ առեւտրի կենտրոնների սեփականատիրոջը որեւէ պահանջ է ներկայացվում: Հետեւաբար, տեղի ունեցողը կամ պարզ խուլիգանություն է,- բայց արդյո՞ք խուլիգանությունը շարունակվում է մի քանի օր եւ կենտրոնանում մեկ մարդու պատկանող առեւտրի կետերի վրա,- կամ էլ նպատակը պարզապես Կարապետյանի բիզնեսի այդ հատվածները կաթվածահար անելն է, առանց որեւէ կոնկրետ պահանջի: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու:
Ստացվում է իսկապես բավական խորհրդավոր պատմություն, հատկապես երբ հրապարակ է նետվում բոլոր զանգերի Ուկրաինայից լինելու վարկածը: Հետաքրքիր է, թե ինչ շարունակություն կունենա այն եւ արդյոք շարունակությունը չի ունենա այսպես ասած աշխարհքաղաքական աստառ, երբ փորձ կարվի այս դրվագով սրել հայ-ուկրաինական հարաբերությունը: Ասենք, տեղեկություններ հրապարակվեն, որ Սամվել Կարապետյանին սպառնում են «բանդերականները»:
Կամ, արդյոք այստեղ առկա է Սամվել Կարապետյանից Ռուսաստանի ուկրաինական արշավի ֆինանսավորման բաժին պոկելու խնդիր: Չէ՞ որ ուկրաինական արշավը եւ Ղրիմը Ռուսաստանի համար դարձել են ծանրագույն բեռ, եւ գուցե Մոսկվան որոշել է, որ այդ արշավը պետք է ֆինանսավորեն կամ համաֆինանսավորեն նրանք, ովքեր Ֆորբսի Ռուսաստանի միլիարդատերերի վարկանիշային ցուցակում են: Նրանց մեջ է նաեւ Սամվել Կարապետյանը: Այդ դեպքում երեւի պետք է համանման սպառնալիքներ սպասեն նաեւ այդ ցուցակում գտնվող մյուս 3-4 հայ միլիարդատերերը:
Իհարկե, այդ վարկածները հիպոթետիկ վարկածներ են: Չի բացառվում, որ օրինակ ուկրաինական վարկածը պայմանավորված լինի զուտ ներհայկական իրողություններով: Հնարավոր է, որ Ուկրաինայի հայ համայնքի մեծահարուստներից որեւէ մեկը գործ է ունեցել Կարապետյանի հետ, նեղացել է եւ փորձում է այսպիսով իր քենը հանել:
Ի դեպ, խոշոր գործարար է նաեւ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը: Նա անկասկած բավական կապեր ունի Ուկրաինայում: Գուցե նա կկարողանա օգնել Սամվել Կարապետյանին եւ ռուսաստանցի իրավապահներին՝ պարզելու, թե ով կարող էր Ուկրաինայից հետեւողականորեն սպառնալ Կարապետյանին:
Բոլոր դեպքերում, հայազգի միլիարդատիրոջ սեփականության շուրջ կարծես թե բավական խորհրդավոր իրադարձություններ են զարգանում:
մանրամասները`lragir.am-ում: