Աննախադեպ ու «օրիգինալ» չարաշահումներ՝ «Հայաստան» հիմնադրամում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2018 թվականի օգոստոսի 29-ից մինչեւ 2019 թվականի սեպտեմբերի 30-ը իրականացրած ստուգումների արդյունքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումների չափն է՛լ, տեսակներն է՛լ աննախադեպ են:
«Օրիգինալներից» է, օրինակ, System of a down խմբի համերգի գեներատորային վառելիքի «նկարած» ծախսը: 2015թ.-ի ապրիլի 23-ին կայացած 2,5 ժամանոց համերգի համար ներկայացվել է վառելիքի համար ծախսված այնքան փող, որքան կծախսեին, եթե նույն ռոք խումբը ելույթ ունենար մոտ 89 ժամ: Անապահով ընտանիքների բնակարանների, հիմնանորոգված մանկապարտեզների ու դպրոցների գույքի համար կնքված պայմանագրերով կենցաղային տեխնիկան ձեռք են բերել 23 մլն 609 հազար 100 դրամով, հիմնադրամին վաճառել մոտ 40 մլն դրամով:
«Օրիգինալության» այս ցանկն անծայրածիր է: Հաշվեքննիչ պալատից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են, որ ստուգման ընթացքում կասկածներ են առաջացել, որ հիմնադրամի այս գործարքներում հանցագործության առերեւույթ հատկանիշներ կան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում