Անդրեն Արցախի մասին նոր տեսահոլովակ է նկարահանել
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, արմատներով արցախցի Անդրեն գտնվում է Արցախում՝ մասնակցելու համար Հայ օգնության միության աջակցությամբ վերակառուցված «Սոսե» մանկապարտեզի բացման արարողությանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգիչն ասել է, որ ինքը շատ ուրախ է՝ տեսնելով Արցախում կառուցվող նոր մանկապարտեզներ, դպրոցներ, տարբեր շինություններ: «Արցախ եմ գալիս, որ լինեմ հարազատներիս հետ, հանգստանամ իմ տանը: Արցախից եմ ես հոգևոր լիցք, ուժ ու կորով ստանում. դրանց շնորհիվ է, որ այսօր կարողանում եմ մեծ բեմեր նվաճել»,-ավելացրել է երգիչը:
Խոսելով իր ծրագրերի մասին՝ Անդրեն տեղեկացրել է. «Արցախյան պատերազմի մասին պատմող «Պապ ջան» վերնագրով նոր տեսահոլովակս արդեն պատրաստ է, որի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի տարբեր վայրերում. այն մոտ օրերս կներկայացնեմ հանրությանը»:
Արցախում մենահամերգ ունենալու մասին մեր հարցին ի պատասխան Անդրեն ասել է. «Արդեն 20 տարի է՝ ինքս Արցախից հրավերի եմ սպասում: Եթե մենահամերգի առաջարկ ստանամ, մեծ սիրով հանդես կգամ իմ հայրենի Արցախում»: