Անհամբեր սպասում են
Երկու տարի առաջ Ռուսաստանում տեղի ունեցած ևս մեկ ողբերգական ավտովթարից հետո 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները անհամբեր սպասում են, թե երբ նրան կտեղափոխեն Հայաստան՝ պատիժն այստեղ կրելու պայմանով: Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը, Fnews.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ Ռուսաստանի արդարադատության նախարարի տեղակալը վստահեցրել է, որ այս տարվա ընթացքում նրան կտեղափոխեն.
«Եթե հստակ օր նշեին, շատ լավ կլիներ, բայց իրենք էլ չեն նշում: Սիրտս այնքանով է հանգիստ, որ առողջական վիճակը լավ է, խնդիրներ չունի: Երեկ ենք հետը զրուցել, ինքն էլ է մեզ պես սպասում, բոլորս նրան կարոտել ենք»:
Հիշեցնենք, 2013 թվականի հուլիսի 13-ին Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը բեռնատար ավտոմեքենայով հարվածել էր ուղևորատար ավտոբուսին, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, 40-ը՝ վիրավորվել: Ռուսաստանի դատարանը վթարի համար մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության մասին իմանալու և անսարքությունները չվերացնելու համար` նրան դատապարտելով ազատազրկման 6 տարի 9 ամիս ժամկետով:
Ի դեպ, Հ. Հարությանի գործի հետ կապված, ՀՀ արդարադատության նախարար Արփին Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ռուսաստանում խոշոր ավտովթարի պատճառով մի քանի տասնյակ մարդու մահվան պատճառ դարձած վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցը ՌԴ իրավապահ մարմինների քննարկման տիրույթում է: Նախարարը նաև տեղեկացրեց, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է, ապա հավելեց, որ նախարարությունն անընդհատ հարազատների հետ կապի մեջ է լինում ՝ տեղեկություններ փոխանցելով գործընթացի փուլերից. «Նրանք դիմել էին ՀՀ արդարադատության նախարարություն և մենք բավարարել ենք դիմումը, ներկայումս հարցի քննարկումը գտնվում է ՌԴ իրավապահ մարմինների քննարկման տիրույթում: Պետք է դատապարտյալին հանձնման պրոցեսը երկարատև է, մենք էլ, երբ հանձնում ենք կատարում, ամիսներ է պետք գործընթացն իրականացնելու համար»: