Անի Մաջնունյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին, Fnews.am-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Անի Մաջնունյանի դին, ով հասարակության լայն շրջանակներին առավել հայտնի է որպես էքստրասենս, խիրոմանտ, հայտնաբերվել է 2015թ. օգոստոսի 5-ին` իր բնակարանի ննջասենյակում, հատակին բերանքսիվայր ընկած, սուր կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննությունն ապահովելու ուղղությամբ։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով։
Նախնական քննության տվյալներով՝ դիակի հայտնաբերման նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Անի Մաջնունյանին է այցելել վերջինիս ծանոթ Մ.Մխիթարյանը։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ տանն առկա գումարը հափշտակելու դիտավորությամբ տղամարդը բնակարանի ննջասենյակում հարձակվել է Անի Մաջնունյանի վրա և դանակով, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Տուժողի գլխի, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին և ձախ ստորին վերջույթների շրջաններում հայտնաբերվել է ծակած-կտրած և կտրած, թափանցող և չթափանցող 59 վնասվածք, որոնք էլ իրենց համակցության մեջ առաջացրել են հեմոռագիկ շոկ, որն էլ բերել է Ա.Մաջնունյանի մահվան։
Ըստ քննության տվյալների՝ բնակարանում փնտրելով ու չկարողանալով գտնել Ա.Մաջնունյանի կուտակած գումարը՝ Մ.Մխիթարյանը հափշտակել է տարբեր զարդեր, տուժողի բջջային հեռախոսները, փակել դուռը և հեռացել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Մ.Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
