Անիի մասին Սիպիլի երգը՝ Անիում...
Անիի մասին Սիպիլի երգը՝ Անիում... Այս տարի Համահայկական խաղերի կրակը կհասնի Երևան նաև Արևմտյան Հայաստանից: Մեկնարկը արդեն տրված է՝ կրակի վառման արարողությունը Համահայկական խաղերի կազմկոմիտեի պատվիրակությունը պաշտոնապես իրականացրել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում, որից հետո խաղերի կրակը եղել է Վանում, Բիթլիսում, Տիգրանակերտում (Դիարբեքիր), Մուշում, Կարսում, Անիում:
Եւ ահա, ինչպես տեղեկացանք պոլսահայ ճանաչված երգչուհի Սիպիլ Բեքթորոսօղլուի ֆեյսբուքյան էջից, իրականացել է նրա վաղեմի երազանքը՝ երգել իր հանրահայտ «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը քաղաքամայր Անիում: Երգչուհին օրերս հենց Համահայկական խաղերի կոմիտեի հետ միասին էր այցելել Արևմտյան Հայաստան ու իր խոսքերով՝ չափազանց տպավորված է այդ ուղևորությունից: «Ամենամեծ երազանքներիցս մեկն էր՝ Անիի ավերակների առջև «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգը երգելը: Հազար շնորհակալություն Աստծուն ու Համահայկական խաղերի կոմիտեի անդամներին... որոնք իմ երազս իրականացրին: Խոսքերը բավարար չեն՝ զգացմունքներս արտահայտելու համար: Անմոռանալի պահեր ապրեցի և երջանկության արցունքներ թափեցի: Հազար անգամ փառք քեզ, Տեր...», - գրում է երգչուհին իր ֆեյսբուքյան էջում:
