«Անկառավարելի իրավիճակ է եղել, այս դիսկուրսից «Ծառուկյան» դաշինքին պետք է հանենք». Ալեն Սիմոնյան
aravot.am-ը գրում է.Դատախազություն այսօր մերժել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը՝ որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ պատգամավորների ստորագրությամբ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Քոչարյանի համար երաշխավորել էին ինչպես ՀՀԿ-ական, այնպես էլ կոալիցիոն գործընկերներ ՀՅԴ-ից 3 պատգամավոր, նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից 1 պատգամավոր:
«Ազատության» եթերում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այդ միջնորդության տակ ստորագրելու համար կոալիցիոն գործընկերների՝ «Դաշնակցության» եւ «Ծառուկյան» դաշինքի հետ փոխհարաբերությունների ճշգրտման, պատգամավորների մասնակցությունը վերլուծելու անհրաժեշտություն կա:
Ուստի Aravot.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ սա կարո՞ղ է սեպ խրել կոալիցիոն գործընկերների միջեւ: Նա պատասխանեց. «Ես խնդիր չեմ տեսնում, դրա պատասխանը վաղուց տրվել է՝ Ազգային ժողովն այսօր իր մեծամասնությամբ չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության ժողովրդին ու դրա համար մենք գնում ենք նոր ընտրությունների, ուստի այդ 45 ստորագրությունները, որը տվել են ՀՀԿ պատգամավորներն ու մյուսները, մեծ հաշվով դատախազությունը ճիշտ է, որ դրան այնքան էլ այնպես չի վերաբերվել, մերժել է: Մենք ինչի՞ ենք գնում նոր ընտրությունների, որովհետեւ այդ 45 պատգամավորներն են նաեւ, շատ մեծ կասկած կա՝ իրենք ՀՀ քաղաքացուն ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ»:
Ինչ վերաբերում է կոալիցիոն գործընկերների հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Իրենք առանձին կուսակցություններ են, ես որ «Սասնա ծռերի» համար ստորագրություն եմ տալիս, «Ծառուկյան» դաշինքին պիտի տեղյա՞կ պահեմ, իհարկե՝ ոչ, կամ հակառակը: Այդպես են հարմար գտել, այդպես են արել: Ու «Ծառուկյան» դաշինքը մի պատգամավորի մակարդակով է մասնակցել, կարծում եմ, անկառավարելի իրավիճակ է եղել, թե չէ այս դիսկուրսից «Ծառուկյան» դաշինքին պետք է հանենք ու նշենք՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն ու Իշխան Զաքարյանը: Արդար չի լինի մի պատգամավորի պատճառով մի ամբողջ խմբակցությանը բան ասենք»:
մանրամասն՝այստեղ:
