Անխուսափելի՞ է արդյոք հակամարտությունը Ուկրաինայում․ Պենտագոնը գնահատական է հնչեցրել
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունն անխուսափելի չի համարում։
«Այսօրվա դրությամբ հակամարտությունն անխուսափելի չէ. Դիվանագիտության համար դեռ ժամանակ և տեղ կա»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն «պատրաստ է տարբերակների և գործողությունների մի ամբողջ շարքի», - ասել է նա՝ պատասխանելով Կիևից ամերիկացիների տարհանմանը ամերիկյան զինվորականների հնարավոր մասնակցության մասին հարցին։
Օսթինի խոսքով՝ Ռուսաստանը ռազմական հնարավորություն ունի ներխուժելու Ուկրաինա, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վերջնական որոշում պետք է կայացնի այդ հարցում:
Հունվարի 19-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա և կոչ արեց Վաշինգտոնին «դադարեցնել հիստերիկությունը և չսրել լարվածությունը Դոնբասի խնդրի շուրջ»։