Ապրանքների 10-15 տոկոս թանկացում չկա
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ հասարակությունը կարող է չանհանգստանալ, ապրանքների 10-15 տոկոս թանկացում չի լինի: Նրա խոսքով՝ նման մտավախությունները չափազանցված են:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մեկ շաբաթվա ընթացքում հայտնել իրեն, թե որքանով են թանկացել լայն սպառման ապրանքները:
ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը վստահեցրել է, որ գների մեծ տատանում չի սպասվում: 2014-ին ԿԲ-ն սպասում է գնաճ 4 տոկոսի սահմաններում, իսկ 2015-ին՝ 4+/- 1,5 տոկոս.
Երիցյանի խոսքով՝ իրավիճակը կայունացնելու համար գործարկվել են ֆինանսական քաղաքականության բոլոր հնարավոր գործիքները, այդ թվում լոմբարդային տոկոսադրույքները, արժութային մեխանիզմները, ռեպո տոկոսադրույքը եւ արժութային շուկայում ինտերվենցիաները:
Նա ընդգծել է, որ ԿԲ ակտիվները բավարար են արհեստական տատանումները մեղմացնելու համար:
