Ապրիլի 2-ին տոնակատարություն չի անցկացվում երկրում. Դավիթ Հարությունյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը մինչ հարցին անդրադառնալը նախ հայտարարեց, որ վերջի օրերին քաղաքական ուժերի կողմից շրջանառության մեջ է դրվել այն տեսակետը, որ ընտրությունների օրը նշանակվել է Սահմանադրության խախտմամբ և հիշեցրեց, որ սկսվել է Սահմանադրական դատարանում վիճարկելու գործընթաց: Այնուհետև նա նշեց, որ ՀՀ Նախագահն էլ ասել է, որ դեմ չէ օրվա փոփոխության համար և հարցրեց, թե ինչու է առաջացրել նման իրավական խառնաշփոթ:
«Նման անհասկանալի իրավիճակը կարող է ստվերել ընտրությունների ընթացքը»,-ասաց նա և շեշտեց, որ քաղաքական ուժերն իրենց կարծիքն են հայտնել, որը պայմանավորված է ոչ միայն Սահմանադրությամբ, այլ՝ բարոյական տեսանկյունով:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ հարցը երկու ենթահարցերից է բաղկացած և համաձայնեց, որ Սահմանադրության մեջ առկա է անհամապատասխանություն, և երկու հոդվածները միմյանց չեն համապատասխանում:
Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա Դավիթ Հարությունյանը նշեց, որ ապրիլի 2-ին տոնակատարություն չի անցկացվում երկրում, այլ ընդամենը քվեարկության օր է:
«Բայց եթե այդքան հարցը զգայուն է, ապա ՀՀ Նախագահի հարցադրումը շատ պարզ է, որ քանի որ մենք կարող ենք մեկ շաբաթով տեսականորեն տեղափոխել, պետք է բոլոր քաղաքական ուժերը, որոնք կգրանցվեն՝ գան համաձայնության, որ այս երկարաձգումը էական նշանակություն չի ունենալու և պաշտպանում են դա և առիթը չեն օգտագործի քվեարկության արդյունքները վիճարկելու համար»,-ասաց նա։
