Արագ սենյակներից հանեք Սերժ Սարգսյանի նկարները, Նիկոլ Փաշինյանը՝ ՀՔԾ պետին
2017 թվականի մայիսի 25-ին պատգամավորական հարցում եմ հղել Հատուկ քննչական ծառայությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի գրառման մեջ ասված է. «Հարցը հետեւյալն էր․ իրավական ի՞նչ հիմնավորմամբ է ՀՔԾ քննիչների սենյակներում կախված Սերժ Սարգսյանի դիմանկարները։
Երկար ժամանակ ՀՔԾ-ն չէր պատասխանել։ Ու հիմա երբ հարցնում ենք, ինչու չեն պատասխանել, ասում են՝ չենք կարող տեղեկատվություն տալ։
Նախ պատգամավորի հարցմանը չպատասխանելն օրենքի կոպիտ խախտում է։ Բայց նաեւ պարզ է, որ անկախ քննչական մարմնի քննիչների սենյակներում Սերժ Սարգսյանի լուսանկարները կախելն օրենքի խախտում է, որովհետեւ ՀՔԾ-ն մի մարմին է, որ պետք է քննի բարձրաստիճան պաշտոնյաների կատարած արարքները։
Ուստի, պարոնայք ՀՔԾ քննիչներ եւ ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյան՝ հարցին չեք կարողանում պատասխանել, ուրեմն արագ սենյակներից հանեք Սերժ Սարգսյանի նկարները։
Ստուգելու եմ»: