Արագածոտնի մարզպետը հանդիպել է ԼՂՀ նախագահի եւ վարչապետի հետ
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կազմակերպվել է երկօրյա այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Նրանց հետ Արցախ է մեկնել նաեւ մարզպետը:
Մայիսի 1-ին կայացել է Սարգիս Սահակյանի հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետը տեղեկացել է Արագածոտնի մարզից ժամանած հյուրերի եւ զինծառայողների հանդիպման մանրամասների մասին, քննարկվել են համատեղ իրականացվելիք ծրագրեր:
Այնուհետեւ մարզպետ Սարգիս Սահակյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Մարզպետը նախագահի հետ զրուցել է ինչպես իրենց այցելության մասին, այնպես էլ ներկայացրել է Հադրութի շրջանի հետ Արագածոտնի մարզի համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերը:
ԼՂՀ եւ Արագածոտնի ղեկավարները կարեւորել են զինծառայողների եւ նրանց հարազատների հանդիպման այս ձեւաչաձը եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն դարձնել ավանդական, ամրապնդել ընտանիք-բանակ կապը:
Նշենք, որ պատվիրակությունը բավականին ստվար է: Խմբի մեջ ընդգրկված են նաեւ բժիշկներ, ինչպես նաեւ Ն. Բազմաբերդի երգի-պարի համույթը, որը առավել հագեցած եւ հետաքրքիր է դարձնում զինվորների եւ նրանց ընտանիքի անդամների հետ հանդիպումը:
