Արարատում թունավորման գործը ուղարկել են դատարան
Արարատում թունավորման գործը ուղարկել են դատարան ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարատվել է Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի դպրոցականների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. այս մասին Fnews.am-ին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 10-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի 40, Այգեզարդ գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտ։ «Գործում կա մեղադրյալ՝ «Գոհար Սարգսյան» ՍՊԸ-ի աշխատակից Գրիգոր Նազարյանը չի պահպանել «Սննդամթերքի հիգենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» որոշման պահանջները»,-այս մասին ասացին Քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որով անզգուշությամբ վնաս են պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը): Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին մատակարարել է հացաբուլկեղեն, այդ թվում՝ Բաղրամյան գյուղի դպրոցին՝ հոթ-դոգ, կարտոֆիլով կարկանդակ, կեքս, չամիչով բուլկի, երկու տեսակի գաթա և խաչապուրի, իսկ Այգեզարդ գյուղի դպրոցին՝ խաչապուրի, կարտոֆիլով կարկանդակ, կեքս և չամիչով բուլկի, որոնք դպրոցի ընդմիջման ժամերին վաճառվել են դպրոցականներին: Գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում: