Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելը պետք է դառնա համահայկական պահանջ. Արմեն Ռուստամյան
Ընդհանուր ժողովի արդյունքները եկան փարատելու այն բոլոր կասկածները, թե իբր Դաշնակցությունը տարբեր շերտեր ունի, Սփյուռքն ու Հայաստանը տարբեր են, թե իբր ղեկավարության եւ շարքերի մեջ տարաձայնություններ կան: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, Ընդհանուր ժողովն անցել է մեկ նպատակի ու գաղափարախոսության շուրջ, եւ Ընդհանուր ժողովի մարմնի ընտրությունը մեկ քվեարկության եկավ ասելու, որ ՀՅԴ-ն միակամ է: Անդրադառնալով Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցին, Ռուստամյանը նշեց, որ դա անհրաժեշտություն է. «Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի արդյունքում մի կողմի կաճի մեր դիրքերը բանակցային գործընթացում, մյուս կողմից կարձանագրի Հայաստանի եւ Արցախի անմիջական կապը եւ այն կբերի դե յուրե իրավական դաշտ»: Նա ընդգծեց, որ ՀՅԴ-ն այս խնդրի կարեւորության մասին խոսել է դեռեւս այն ժամանակ, երբ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ի կողմից մասնակցում էր Վահան Հովհաննիսյանը, դրա կարեւորություն ընդունել է նաեւ նախորդ իշխանությունը, որը ԱԳՆ-ին հանձնարարել էր նախապատրաստել փաստաթուղթ: «Այսօր էլ համարում ենք, որ դա անհրաժեշտ է: Մենք այսօր ունենք լուրջ սպառնալիքներ Արցախի անվտանգության հետ կապված, նոր պատերազմ հրահրելու Ադրբեջանի մտադրությունների հետ կապված: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ հարձակում Արցախի վրա, նշանակում է հարձակում Հայաստանի վրա: Այս խնդրի շուրջ պետք է ճիշտ, համաձայնեցված քայլերի շուրջ պայմանավորվենք, ճանապարհային քարտեզ արձանագրենք եւ գնանք այդ ռազմավարական դաշինքի կնքմանը: Սա պետք է դառնա համաժողովրդական պահանջ, որ արձանագրենք մեր պատրաստակամությունը՝ պաշտպանել համահայկական շահերը»,-հայտարարեց Ռուստամյանը:
