Արցախում ականի պայթյունից վիրավորված Նարեկը հունվարի 10-ին կվիրահատվի news.am
Արցախի զորամասերից մեկում նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ականի պայթյունից վիրավորված Նարեկ Հովեյանը առողջական վիճակում դրական փոփոխություն կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկի մայրը` Սեդա Ղուկասյանը` նշելով, որ Նարեկն այս պահին տանն է շարունակում բուժումները:
«Աչքի մեջ անընդհատ դեղ եմ կաթեցնում ու զգում եմ բավական դրական տեղաշարժ կա, աչքը ահագին բացվել է, եթե ամեն ինչ նորմալ լինի հունվարի 10-ին կվիրահատեն աչքը: Մնացած վերքերն էլ քիչ-քիչ լավանում են: Մեր միակ մտահոգությունը հիմա աչքի տեսողությունը վերականգնելն է»,-ասաց տիկին Սեդան:
Տիկին Սեդան պատմեց, որ Նարեկը անընդհատ հարցեր է տալիս իր ընկերների վիճակից, իրենք էլ դեռ ճշմարտությունը չեն ասում. մտածում են հոգեպես ծանր վիճակի մեջ կգցեն որդուն:
«Նարեկս հիմա չգիտի էլ, որ իր մի աչքը հեռացրել են, նախորդ անգամ հորեղբոր տղայից էր հարցրել, բայց դեռ չենք կարողանում ասել, որ մի աչքը հեռացրել են»,-ասաց տիկին Սեդան:
Նշենք, որ Ստեփանակերտում Նարեկի մեկ աչքը հեռացրել են, մյուս աչքի տեսողությունն էլ հույս կա, որ կվերականգնվի, դրական տեղաշարժ կա։
Ավելի վաղ գրել էինք, որ նախորդ տարի նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) եւ Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել ականապայթյունային վիրավորում:
