Արցախում մեկնարկում է 68 հազարական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիրը
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մեկնարկում է 68,000-ական դրամ 4-ամսյա սոցիալական աջակցության ծրագիրը:
«Սիրելի՛ արցախցիներ, փետրվարի 25-ից մեկնարկում է արցախցիների սոցիալական աջակցության նոր ծրագիր, որի շրջանակներում, Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված մեր հայրենակիցները, առաջիկա 4 ամիսների ընթացքում կստանան ուղիղ դրամական աջակցություն՝ ամսական 68,000 դրամի չափով՝ առցանց դիմում գրելու միջոցով։ Բացառություն կկազմեն 18-ից 63 տարեկան հաշմանդամության խումբ չունեցող տղամարդիկ։
63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք դիմում գրելու կարիք չեն ունենա. նրանք աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի/նպասի հետ մեկտեղ՝ այն եղանակով, ինչպես ստանում են կենսաթոշակը/նպաստը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Դիմումները շահառուները կլրացնեն ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ 4 ամիսների համար։ Եթե անձի կարգավիճակի փոփոխություն լինի, տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կարտացոլվի համակարգում՝ ներկայացնելով համապատասխան կարգավորումը։
- Կանայք աջակցությունը կստանան՝ ԱՆԿԱԽ ԱՇԽԱՏԵԼՈՒ/ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ:
Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում ենք փետրվարի 25-ից մեկնարկող ծրագրի համար փորձել լրացնել ինքնուրույնաբար։ Հնարավորինս պարզեցրել ենք դիմումն առցանց լրացնելու եղանակը։
Հարցերի դեպքում, մեր աշխատակիցները, ինչպես միշտ, պատրաստ կլինեն աջակցել ձեզ»:
