Արցախում զոհված երեխան և վիրավորներից մեկը եղբայրներ են` դպրոց էին գնում
Արդեն հայտնել ենք, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժի կողմից Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով զոհվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել է: Yerkir.am-ի տեղեկություններով՝ զոհված երեխան և մյուս վիրավորները Մարտունու շրջանի Զորավան գյուղից են, դեպքը պատահել է դպրոց գնալու ճանապարհին:
Yerkir.am-ի հետ զրույցում Մարտունու հիվանդանոցից հայտնեցին, որ վիրավորներից մեկը Գևորգ Գրիգորյանը՝ զոհված Վաղինակի եղբայրն է, իսկ մյուսը Վարդյան Անդրեասյանն է` 11 տարեկան: Մեզ հայտնեցին, որ երեխաներից մեկին վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, իսկ մյուսին էլ շուտով կտեղափոխեն: Երկուսն էլ վնասվածքներ են ստացել ոտքերից մինչև որովայն հատվածում:
